Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 05 նոյեմբեր 2025թ., ժամը՝ 23:59
Պատրաստված է «405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամի կողմից
«405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամի հիմքը ձևավորվել է 2022 թվականին՝ ի պատասխան Արցախի շրջափակման հետևանքով երեխաների կրթության իրավունքի խախտումների։ Հայաստանյան և միջազգային կազմակերպությունների նախաձեռնությամբ ստեղծված «Կրթության իրավունքի քաղաքացիական նախաձեռնությունը» (ԿԻՔՆ) նպաստել է այս խնդրի միջազգային իրազեկմանը՝ բարձրացնելով հարցեր, դիմելով միջազգային կառույցներին և կազմակերպելով հանդիպումներ։ 2024 թ.-ի հունիսին նախաձեռնության անդամները ինստիտուցիոնալացրեցին ջանքերը՝ հիմնադրելով 405-ը։
405 կրթական դաշինքը առաջին և դեռևս միակ կրթական միավորումն է Հայաստանում, որը համախմբում է կրթական կառույցներին ու կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին մեկ ինստիտուցիոնալ հարթակի ներքո ու մոբիլիզացնում է բոլորի ներուժն ու ջանքերը մեկ միասնական օրակարգի` ՀՀ կրթության հարացույցի վերափոխման շուրջ:
Հիմնադրամի տեսիլում մենք պատկերացնում ենք այն ապագան, որտեղ Հայաստանում համապարփակ կերպով իրականացվում է ազգային և համամարդկային արժեքներ պարունակող և ըստ այդմ՝ ինքնաիրացված, երջանիկ, ստեղծարար, կրթված ու իրավագիտակցության բարձր մակարդակ ունեցող անձինք ձևավորող հայկական կրթական մոդելը` կիրառելի սփյուռքում և մրցունակ ողջ աշխարհում:
Հիմնադրամի առաքելությունն է Հայաստանում և հայկական սփյուռքում բարձրորակ ու արժեքահեն համակողմանի կրթության արդար ու հավասար հասանելիության ապահովումը, կրթության իրավունքի լիարժեք իրացումն ու հայկական մրցունակ և նորարար կրթական մոդելի մշակումը, ներդրումն ու տարածումը աշխարհում՝ նպատակ ունենալով նաև համակարգել տեղական ու միջազգային կրթական կառույցների փոխգործակցությունը, իրականացնել հանրային վերահսկողություն կրթության ոլորտի նկատմամբ և բարձրացնել հանրության իրազեկվածությունը կրթական գործընթացների շուրջ:
405 դաշինքի գործունեությունը՝ ներքին և արտաքին հարաբերություններից մինչև առօրյա գործառնություններ, հենվում է հինգ հիմնարար արժեքների վրա: Այս արժեքները ոչ միայն ուղենիշ են դաշինքի անդամների համար, այլև արտացոլում են կազմակերպության էությունը և նպատակները.
«405 կրթական դաշինքը» հայտարարում է հետազոտական հայտերի բաց մրցույթ` նպատակ ունենալով խթանել կրթական քաղաքականության տվյալահեն մշակումը, ոլորտում հիմնավորված լուծումների առաջարկը և համակարգային բարեփոխումների գործընթացին գիտական ու մասնակցային աջակցությունը։
Թեմաների ընտրության հարցում 405 դաշինքը դիմել է ոլորտային պետական` ներառյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն ու ԿԶՆԱԿ-ին, ու ոչ պետական կառույցներին` խնդրելով փոխանցել հանրակրթության ոլորտի հետազոտական այն թեմաները, որոնք վերջիններիս համար առաջնահերթ են։
Ընդհանուր առմամբ, քարտեզագրվել է 66 թեմատիկ առաջարկ, որոնցից փուլային քննարկումների արդյունքում 405 դաշինքի Խորհուրդը ընտրել է թվով 3-ը՝ հետազոտություն իրականացնելու նպատակով։
Սույն մրցութային հայտի թեման է. «ՀՀ հանրակրթական դպրոցների ուսուցիչների մասնագիտական զարգացման բարեփոխումների քաղաքականության գնահատում և բարեփոխումներին ուղղված առաջարկությունների դուրսբերում»:
Քաղաքականության գնահատումը կարող է կենտրոնանալ հետևյալ ուղղությունների/ենթաթեմաների վրա՝
1. Լիարժեք իրագործելիության գնահատում` հաշվի առնելով ներկա ծավալները և ուսուցիչների մասնակցությունը,
2. Լիարժեք իրագործելիության ծախսային գնահատականի կազմում,
3. Ուսուցիչների ատեստավորման հետ փոխկապակցված սոցիալական երաշխիքների փաթեթի կազմում և ծախսային գնահատական, ինչը թույլ կտա հստակեցնել ուսուցչի մասնագիտության արժևորման խրախուսման մոդելը և դրա իրագործման ծախսերը,
4. Բարեփոխման քաղաքականության գործընթացային սահունության սկզբունքային գնահատում (օրինակ` կամավոր ատեստավորման և տարակարգավորման միջև հարաբերությունները, կամավոր ատեստավորման և համալսարանական կրթության/որակավորման հարաբերությունները),
5. Բարեփոխման քաղաքականության գործընթացային կարողության գնահատումը (օրինակ` վերապատրաստող կառույցների քանակա-որակական կարողությունն ըստ վերապատրաստման ծավալի, ԿԶՆԱԿ-ի կողմից տարակարգավորման հավաստման կարողությունները),
6. Բարեփոխման քաղաքականության ընթացիկ ազդեցության և արդյունավետության գնահատում,
7. Բարեփոխման քաղաքականության յուրացվելիության գնահատում (որքան են ուսուցիչները ըմբռնում, կարևորում իրենց մասնակցությունը):
Խնդրում ենք նկատի ունենալ, որ հետազոտության ուղղությունները չեն սահմանափակվում միայն վերնոշյալով և անհրաժեշտության դեպքում կարող են ավելանալ։
Հետազոտության արդյունքները պետք է ներառեն՝
1.1 Պետք է ներառի ամբողջական վերլուծություն ՀՀ հանրակրթական դպրոցների ուսուցիչների մասնագիտական զարգացման բարեփոխումների քաղաքականության մասին։
1.2 Զեկույցը պետք է կառուցված լինի գիտական մեթոդաբանության հիման վրա՝ ապահովելով հստակ նպատակադրումներ, հիպոթեզներ, տվյալների հավաքագրման և վերլուծության մեթոդներ, ինչպես նաև եզրակացություններ։
1.3 Պետք է ներառի քաղաքականության փոփոխության տեսություն (theory of change)՝ պարզաբանելով, թե ինչ մեխանիզմներով և գործիքակազմով են իրականացվում բարեփոխումները և ինչպիսի արդյունքներ կարելի է ակնկալել։
1.4 Ներկայացվի ֆինանսական գնահատական՝ հաշվարկելով քաղաքականության լիարժեք իրագործման համար անհրաժեշտ ծախսերը (ներառյալ ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրերը, վերապատրաստման ինստիտուտների կարողությունները, սոցիալական երաշխիքների փաթեթի արժեքը և այլն)։
1.5 Տրվեն գործընթացային ուղղորդումներ՝ ներկայացնելով գործողությունների հաջորդականությունը, ներգրավված դերակատարների դերաբաշխումը, ռիսկերի և հնարավորությունների քարտեզը։
1.6 Պետք է իրականացվի համակարգված և համադրելի միջազգային փորձի քարտեզագրում՝ ընտրված երկրների՝ ուսուցիչների մասնագիտական զարգացման քաղաքականությունների և ծրագրերի լայն ներկայացմամբ՝ ցուցանիշների, նպատակների և իրականացման մեխանիզմների համադրմամբ։
2.1 Պետք է կազմվի հստակ և իրագործելի առաջարկությունների փաթեթ, որը կարտացոլի հետազոտության արդյունքները և եզրակացությունները։ Շահառուներն են` ՀՀ Կառավարությունը առաջնահերթորեն ԿԳՄՍՆ֊ն, անուղղակի շահառուներ` ՀՀ-ում գործող ոլորտային կառույցներ, ոլորտային ու հարակից ոլորտային փորձագիտական խմբեր ու անհատներ, ովքեր գործ ունեն ուսուցիչների մասնագիտական զարգացման պետական ու ոչ պետական նախագծերի հետ:
2.2 Առաջարկությունները պետք է ուղղված լինեն՝
- գործող բարեփոխումների արդյունավետության բարձրացմանը,
- ուսուցիչների մասնագիտական զարգացման շարունակականության ապահովմանը,
- ֆինանսական և սոցիալական խրախուսման մոդելի կատարելագործմանը,
- գործընթացների թափանցիկության և արդարության բարձրացմանը։
Յուրաքանչյուր առաջարկ պետք է ներառի հիմնավորում, իրագործման քայլեր, պատասխանատու մարմինների ու դերերի մասին տեղեկություն և հնարավոր ազդեցության կանխատեսում։
2.3 Տվյալների բաց բազա կամ վերլուծական աղյուսակներ,
2.4 Հանրամատչելի նյութեր (հակիրճ հաշվետվություն, ինֆոգրաֆիկա և այլն),
2.5 Միջանկյալ և ամփոփ հաշվետվություն 405 դաշինքին:
Առաջարկվող ֆինանսավորման ծավալը կախված է ներկայացված բյուջեից, որը կհամադրվի 405-ի կողմից նախապես սահմանված ֆինանսական ռեսուրսների շրջանակի հետ:
Ներկայացվող բյուջեի շրջանակում պետք է մանրամասն ներառել ծախսերի հիմնական ուղղությունները (աշխատավարձեր, հոնորարներ, դաշտային աշխատանք, տվյալների մշակման գործիքներ, վերլուծություն, հանրամատչելի նյութերի պատրաստում և այլն)։ Բյուջեն պետք է ներառի նաև հարկերը:
Բյուջեի փաստաթղթի ձևաթուղթը առաջարկում է հայտատուն` Excel ֆորմատով:
• Մրցույթին կարող են մասնակցել գրանցված հետազոտական կազմակերպությունները, Հկ-ներն ու հիմնադրամները, բուհերը, ինչպես նաև հետազոտողներից կազմված թիմերը։
• Թիմի դեպքում հաշվի կառնվեն անդամների գիտական աստիճանները (գիտությունների թեկնածու, դոկտոր, պրոֆեսոր) և նրանց հետազոտական փորձառությունը։
• Հետազոտությունը պետք է իրականացվի միայն այն թիմի ուժերով, որը ներկայացվել է, ցանկացած արտապատվիրում կամ մասնակիցների փոփոխություն պետք է հաստատվի պատվիրատուի կողմից։
• Թիմի անդամների մասնակցությունը և դերակատարումը պետք է հստակ նշված լինի և արտացոլվի ընթացիկ ու վերջնական հաշվետվություններում։
Գնահատման գործընթացը կառուցվում է երկմակարդակ մոտեցմամբ՝ ներառելով ինչպես բովանդակային/տեխնիկական, այնպես էլ ֆինանսական բաղադրիչները։
Այս չափանիշը ներառում է առաջարկվող մեթոդաբանական մոտեցումների հիմնավորվածությունը, հետազոտական հարցադրումների հստակությունը, տվյալների հավաքագրման և վերլուծության գործիքակազմի որակը, կանխատեսվող արդյունքների իրատեսականությունն ու ակադեմիական արժեքը։ Գնահատվում է նաև նախագծի կապը պետական քաղաքականության և կրթական ոլորտի ռազմավարական առաջնահերթությունների հետ։
Այս չափանիշի ներքո դիտարկվում է առաջարկի բյուջեի կառուցվածքը, ծախսերի հիմնավորվածությունը, ռեսուրսների արդյունավետ բաշխումը և ֆինանսական հաշվարկների իրատեսականությունը։
| ՉԱՓԱՆԻՇ | ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ | ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԻԱՎՈՐ |
|---|---|---|
| Մասնագիտական կարողություններ և փորձառություն | Թիմի անդամների գիտական աստիճանները, նախորդ հետազոտական փորձը, համարժեք թեմաների շուրջ աշխատանքների իրականացում: | 15 միավոր |
| Մեթոդաբանական հիմնավորվածություն | Հետազոտության մեթոդաբանության հստակություն և գիտականություն, տվյալների հավաքագրման և վերլուծության գործիքներ` ներառյալ աղբյուրները, ինչպես նաև համադրություն միջազգային լավագույն փորձին ու կիրառելի քաղաքականությանը | 25 միավոր |
| Ժամկետների իրատեսականություն (Ժամանակացույց) | Աշխատանքների պլանի իրատեսականությունը, փուլերի տրամաբանություն և արդյունավետություն | 10 միավոր |
| Բյուջե և արդյունավետություն | Բյուջեի իրատեսականություն, ծախսերի թափանցիկ և նպատակային բաշխում, կանխավճարների չափ | 25 միավոր |
| Արդյունքների կիրառելիության և ազդեցության պոտենցիալ | Հետազոտության արդյունքների գործնական կիրառելիության տրամաբանությունը, ազդեցություն կրթական քաղաքականության և հանրային վերահսկողության վրա | 25 միավոր |
Ընդհանուր առավելագույն գնահատական՝ 100 միավոր
Առավելագույն միավորներ կստանան այն հայտերը, որտեղ ֆինանսական և մեթոդաբանականան մոդելները կլինեն առավելագույնս համադրելի։
Նախագիծը իր հետ բերում է բազմաշերտ հետազոտական համագործակցության մոդել, որը կմիավորի կրթական քաղաքականության մշակման բոլոր հիմնական դերակատարներին: Ի տարբերություն ավանդական ուղղահայաց կառավարման համակարգերի` այս ցանցը ստեղծելու է հորիզոնական կապեր՝ նպաստելով գիտելիքի և փորձի անխափան շրջանառությանը տարբեր մակարդակների միջև:
Եվ այս նպատակով, հետազոտական հայտ ներկայացնող կառույցին խնդրում ենք անպայմանորեն հաշվի առնել, որ հետազոտության իրականացման թե՛ նախնական, թե՛ միջանկյալ, թե՛ վերջնական արդյունքների հիման վրա 405 դաշինքի կողմից կազմակերպվելու են մասնագիտական քննարկումներ, աշխատաժողովներ ու ֆորումներ` ներգրավելով նաև մասնագիտական համայնք պետական ու ոչ պետական ոլորտներից հետազոտության արդյունքների ու դրանց պիլոտային կիրառման լուծումների ձևավորման ու ներդրման շուրջ` զուգահեռաբար ազդելով ՀՀ-ում կրթության հիմնախնդիրների և ընթացիկ զարգացվածության շուրջ հանրային գիտակցության բարձրացման վրա:
© 2025 «405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամ։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։